Զրույց, բառ ու բան, ավանդապատում, ծես, հեքիաթ, ասերգ - մարդկային մտքի
թռիչքներին ու երևակայությանը բնորոշ այս երևույթները այս ամենը պերճախոս
հայերենում ամփոփվում է բազմիմաստ մեկ բառում` ԱՍՔ: Ստեղծագործողի մեր
տեսակին, գործունեության ու ասելիքին հոգեհարազատ բառով և կոչեցինք ամենատարբեր
ասպարեզներում ստեղծագործող մարդկանց համախմբված մեր մշակութային կենտրոնը
- «ԱՍՔ»:
Արվեստի բազմաթիվ ճյուղեր սինթեզող մյուզիքլների, ռոք-օպերաների ստեղծում,
երիտասարդ ստեղծագործողների ուսուցում, համաշխարհային փորձի ուսումնասիրում
և միջմշակութային շփումներ, երաժշտական ներկայացումների համատեղ արտադրություն
- սրանք մեր գործունեության առանցքն են:
Արվեստի զարմանահրաշ այս տեսակի հանդեպ ունեցած մեր հարգանքը Կենտրոնի
տիկնիկային երաժշտական թատրոնի միջոցով սիրով փոխանցում ենք նաև երեխաներին`
ապագայում երաժշտական թատրոնի սիրահար հանդիսատես ունենալու ակնկալիքով:
ԱՍՔ Մշակութային Կենտրոնը համագործակցում է կառավարական և ոչ կառավարական
կազմակերպությունների հետ: Գործընկերներն են Հայաստանի մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարությունը, Հայաստանի Երիտասարդության Ազգային Խորհուրդը,
Համահայկական Երիտասարդական Հիմնադրամը:
Իր գործունեության համար կենտրոնը արժանացել է խրախուսական մրցանակների
և շնորհակալագրերի` այդ թվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Վարչապետի
կողմից:
ԱՍՔ Մշակութային Կենտրոնը ողջունում է շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների
ծրագրային, արտադրության, համատեղ իրականացման և հետագա զարգացման առաջարկները: